«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Արմավիրի մարզի Ակնալիճ, Արտաշար, Զարթոնք, Նալբանդյան և Նոր Արտագերս համայնքներում իրականացնում է «Հանուն կրթության. եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում» ծրագիրը, որի նպատակն է կանխել խտրականությունը Հայաստանի եզդի փոքրամասնության խոցելի խումբ կազմող աղջիկների և կանանց նկատմամբ՝ խթանելով նրանց կրթության իրավունքի իրացումը, ամրապնդելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը:
Մի փոքր նախապատմություն Եզդի համայնքի ներկայացուցիչ աղջիկների և կանանց կրթության իրավունքի իրացման խոչընդոտների մասին ՀԿ-ն բարձրաձայնել է դեռևս 2017 թվականին, երբ ազգությամբ եզդի կամավոր Ուսո Հաջի Նադոյանը երիտասարդական ծրագրի ժամանակ, որպես համայնքային խնդիր, ներկայացրեց նաև այս իրողությունը: Թեմայի վերաբերյալ ԱԶԿ ՀԿ-ն իրականացրեց ծրագրեր, որոնց որպես աշխատակից ու փորձագետ ներգրավվեց նաև Ուսոն: Արդեն 2018 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական միության, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության, Եվրոպայի խորհրդի, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան կողմից իրականացվող ամենամյա Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ Ուսո Հաջի Նադոյանը արժանացավ «Ներառականության խթանում» մրցանակին՝ եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծելու և կանանց ու աղջիկների ուսման կարևորությունը բարձրաձայնելու գործին բացառիկ նվիրվածության համար: Ահա այսպես ՀԿ-ն սկսեց իր գործունեությունը եզդի ազգային փոքրամասնության խնդիրների առնչությամբ, ու մինչ օրս էլ այդ խնդիրները մեր կիզակետում են: |
«Հանուն կրթության. եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում» ծրագրի թիրախային խմբում ներառված են եզդի ազգի ներկայացուցիչները՝ 13-16 տարեկան աղջիկներ, ծնողներ, ինչպես նաև դպրոցների ուսուցիչներ:
Մենք ցանկանում ենք բազմակողմանի ուսումնասիրել այն հանգամանքը, թե ինչու ՀՀ-ում բնակվող եզդի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ շատ աղջիկներ դուրս են մնում պարտադիր կրթական համակարգից, ու ինչպես և ովքեր կարող են ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման վրա՝ չոտնահարելով նաև ազգային փոքրամասնության մշակութային և կրոնական առանձնահատկությունները: Միայն այս հարցերին համապարփակ պատասխան ունենալը կնպաստի խնդրի կարգավորման ուղղությամբ արդյունավետ մեխանիզմներ մշակելուն և դրանք իրաչափ կիրառելուն:
Համայնքային հանդիպումներ
Կրթության իրացման խոչընդոտներին առաջինը բախվում են հենց հանրակրթական հաստատությունները: Դպրոցների հետ ակտիվ համագործացությունը այս ծրագրի կարևոր մասն է կազմում, քանի որ նրանք են համախմբում համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր ծրագրի թիրախն են կազմում:
Եվ որպեսզի կարևորվի անգամ երազելը, և ծնողին ու հասարակությանը տեսանելի լինի նաև եզդի աղջկա երազանքը, մենք կազմակերպեցինք լուսանկարների ցուցահանդես՝ «Ի՞նչ եմ երազում դառնալ» թեմայով:
Լիահույս ենք, որի ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները կունենան իրենց նախանշված ազդեցությունը և կնպաստեն եզդի կանանց ու աղջիկների՝ կրթության իրավունքի իրացմանը՝ յուրաքանչյուրին ընձեռելով առաջ գնալու, իրենց նպատակներն ու երազանքները կյանքի կոչելու հույս ու լիիրավ հնարավորություն: