| Գրիշան խոսեց նաև հոդվածներում անձնական վերաբերմունքը չներկայացնելու կարևորության մասին, որովհետև լրագրողը ընդամենը իրադարձությունը, փաստերը ներկայացնողն է, ոչ թե ճիշտ ու սխալը որոշող մարդ: «Եղել է դեպք, երբ իրադարձության վայրից եկել եմ այդ էմոցիաներով նյութ եմ գրել, հետո հասկացել, որ այդ պահին չէի կարող օբյեկտիվ լինել: Հաջորդ օրն արդեն, երբ անձնական վերաբերմունքը մի կողմ դրած գրեցի նյութը, այլ տեքստ էր ստացվել՝ ավելի օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ»: Լրագրողը խորհուրդ տվեց, որ եթե մասնակիցները զբաղվեն լրագրությամբ, կամ ընթացքում փորձեն թղթակցել անպայման հաշվի առնեն օբյեկտիվ, անձնական վերաբերմունքից զուրկ նյութեր գրելու կարևորությունը: |
| Գրիշա Բալասանյանը խոսեց նաև աղբյուրների գաղտնիության կարևորության մասին: «Երբեք առաջին դեմքով մի գրեք այն ամենի մասին ինչը չեք տեսել: Եթե ձեզ որևէ իրադարձության մասին ներկայացրել են, բայց չեն ցանկացել բացահայտվել, ապա կարող եք ներկայացնել այն՝ չբացահայտելով աղբյուրը: Աղբյուրի բացահայտման պահանջ ոչ ոք իրավունք չունի ձեզ ներկայացնել, դա կարող է ստիպել միայն դատարանը այն էլ, երբ կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և բոլոր հնարավոր աղբյուրներն արդեն սպառվել են: Այլ պարագաներում աղբյուրի բացահայտումը կարող է անդառնալի հետևանք ունենալ թե լրագրողի կարիերայի, թե այն ԶԼՄ-ի վրա որտեղ աշխատում է, մարդիկ կդադարեն հավատալ նրանց » : Լրագրողը անդրադարձավ նաև փաստերի կարևորությանը. «Եթե երրորդ անձը ձեզ տեղեկատվություն է տալիս, ապա անպայման ձայնագրեք ձեր խոսակցությունը, կարևոր է հարգել զրուցակցին և ձայնագրել միայն զգուշացնելուց և թույլտվություն ստանալուց հետո, ձայնագրության մեջ լսելի պետք է լինի նաև այն, որ դուք զգուշացրել եք նրան: Լինում են դեպքեր, երբ աղբյուրը հերքում է, որ ձայնագրությունը կատարվել է իր թույլտվությամբ, իսկ գաղտնի ձեռքբերված նյութերը չեն կարող ծառայել որպես փաստ»: |


