Արմավիր ինֆոտուն
Մեդիա օրենսդրությունը բոլորի համար
Հունիսի 26-ին Մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրության մասին դասընթացին «Մեդիա մարդ» լրագրության ամառային դպրոցի շրջանակներում Արմավիր ինֆոտանն էր հյուրընկալվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Մեդիա փորձագետը ապագա քաղլրագրողներին ներկայացրեց այն օրենսդրական հիմքերը, որոնք նրանք օգտագործելու են իրենց գործունեության ընթացքում:
Մինչ դասընթացը սկսելը փորձագետը ներկայացրեց այս ոլորտի օրենսդրության կարևորությունը, քանի որ այն կարող է առնչվել յուրաքանչյուր քաղաքացու։ Որպես օրինակ նշվեց հրապարակված նյութերի հերքման հնարավորությունը,որից կարող է օգտվել յուրաքնաչյուրը։
Լրատվամիջոցների գործունեությունը կարգավորվում է երեք հիմնական օրենքներով, որոնցից առաջինը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքն է, որը գործում է 2003 թվականից։ Օրենքի առանձնահատկությունն այն է, որ այն մշակել են հասարակական կազմակերպությունները։ Ըստ փորձագետի՝ այժմ այս օրենքը հնացել է, քանի որ ժամանակին, երբ ընդունվեց չկար ֆեյսբուք, սոցիալական ցանցեր ու ինտերնետային լրատվամիջոցներ և այժմյան պայմաններին չի համապատասխանում «ի՞նչ է ԶԼՄ-ն» հարցի պատասխանը։
Հաջորդ օրենքը «Տեղեկատվության ազատության մասին օրենքն է, որը կիրառվում է բոլոր լրագրողների կողմից: Այս օրենքը սահմանում է պետբյուջեից ֆինանսավորվող կառույցներից հարցումներ անելու հնարավորությունը, որից օգտվում են բոլոր լրատվամիջոցները։

Մեծ հաշվով, երբ մենք դիմում ենք պետական մարմիններին, որպես կանոն հայցում ենք գաղտնիք չպարունակող տեղեկատվություն, որը, ունի նաև հանրային կարևոր նշանակություն:
Օրինակ, դուք կարող եք հարցում ուղարկել Բնապահպանության նախարարությունը՝ հարցնելով, թե վերջին կես տարվա ընթացքում ատոմակայանի ազդեցության ի՞նչ տվյալներ են ձեռք բերվել: Դա մեր և ձեր առօրյա կյանքին վերաբերող կարևորագույն հարցերից մեկն է, բայց ուրիշ հարց է, եթե ատոմակայանին վերաբերող հատուկ նշանակություն ունեցող գաղտնիք հրապարակենք, քանզի գիտենք, որ դա հատուկ նշանակության օբյեկտ է և կարող է նաև պետական գաղտնիք պարունակել:

Աշոտ Մելիքյան
Մեդիա փորձագետ
Հանրության համար բաց, սակայն պետական կառույցից ներս պահվող տվյալների հանրայնացման համար է կատարվում տեղեկատվության հարցումները, որին չպատասխանելը հանրությունն ընկալում է որպես խոսքի ազատության և տեղեկատվություն ստանալու ազատության ոտնահարում: Այս իրավունքը այնքան է կարևորվում, որ այն ունի նաև դատական պաշտպանություն:
Օրենքներ, որոնք արդեն հնացած են։
Հաջորդ կարևոր օրենքը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքն է, որը , ըստ փորձագետի, շատ սպեցիֆիկ է:
Այն շատ հնացած է, ժամանակակից պահանջներին չի համապատասխանում և դա է պատճառը, որ երեք լրագրողական կազմակերպություններ՝ մենք՝ Խոսքի ազատության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների ակումբը աշխատանքային խումբ են ստեղծել հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի նախագիծ ստեղծելու նպատակով։ Արդեն ավարտվում են աշխատանքները։ Մի քանի օրինակ ներկայացնեմ, թե ինչով է օրենքը անհեթեթ. օրինակ՝ օրենքում բացի Շիրակի և Լոռու մարզերից որևէ մարզում հնարավորություն չկա ռադիո բացելու, եթե ձեզանից մեկը ցանկանա Արմավիրում ռադիոընկերություն բացել՝ չեք կարողանա ,որովհետև օրենքը թույլ չի տալիս։
Այստեղ հարց է առաջանում՝ ինչու: Որևէ մեկը լուրջ հիմնավորում չի տվել և մինչև օրենքը չփոխվի դա իրականացնել չի լինի: Կամ թվային դարաշրջանում կա այսպիսի հասկացություն՝ մուլտիպլեքս: Դա թվային հեռարձակման ցանց է: Անալոգային դարաշրջանի ժամանակ մեկ հաճախականությամբ մեկ հեռուստաընկրություն կամ մեկ ռադիոընկերություն կարող էր հեռարձակվեր: Երբ աշխարհը անցավ թվային հեռարձակման և 2016 թվականին մեզ մոտ էլ այդ գործընթացը ավարտվեց (ուղղակի շատ վատ իրագործվեց դա մեր մոտ) թվային տեխնելեգիաները թույլ են տալիս մեկ հաճախականությամբ 8-12 հեռուստաընկերությունների ծրագիր հեռարձակել: Եթե առաջ 12 հեռուստաընկերությունների համար 12 հաճախականություն էր պետք, ապա հիմա ընդհամենը 1 հաճախականություն է պետք, իսկ մնացածը ազատվում են։ Թվային ցանց՝ նույն ինքը մուլտիպլեքս, ստեղծելու համար մեր օրենսդրությունը բացթողում ունի և մարզերում եթե որևէ հեռուտաընկերություն կամ որևէ անհատ ցանկանա ցանց ստեղծել, օրենքը թույլ չի տա»։



Կարծիքներ մասնակիցներից


Դասընթացին ստացա կարևոր տեղեկություններ իմ իրավունքների մասին՝ որպես ազատ խոսք և կարծիք ունեցող քաղաքացի։

Անի Իվանյան
Աշակերտ


Սովորեցինք պաշտպանել մեր իրավունքները մեդիայի աշխարհում և լինել ավելի կիրթ լրագրության ոլորտում։

Գոռ Ավետիսյան
Աշակերտ
Շատ հաճելի և օգտակար դասընթաց էր։ Իսկապես ստացված գիտելիքները անհրաժեշտ կլինեն հետագայում թե´ նյութ գրելու, թե´ մեր իրավունքները պաշտպանելու համար։ Ծանոթացանք զանգվածային լրատվամիջոցի, տեղեկատվության ազատության, հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքներին։ Ծանոթացանք նաև շատ օգտակար և կարևոր կայքերի։
Հարցերիս ստացա սպառիչ պատասխաններ։

Քրիստինե Կարապետյան
Ուսանող
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար»ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ և վստահելի տեղեկատվությունը:
Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այնստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website