Արմավիրի զարգացման կենտրոն սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն
Արմավիր ճամբար
Ներառականության խթանում արվեստի և արհեստի միջոցով
Մայիսի 20-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում կազմակերպեց Արմավիր սոցիալական ճամբարը, որը նպատակ ուներ մի կողմից քաղաքացիներին իրազեկել ներառական կրթության և սոցիալական աջակցության ոլորտներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության, իրականացված մոնիտորինգների, ոլորտային բարեփոխումների և ձեռքբերումների վերաբերյալ, մյուս կողմից արվեստի միջոցով խթանել ներառականության մշակույթը հանրության շրջանում։
Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի արդյունքում ձևավորվել և շարունակում է ամրապնդվել համագործակցությունը մարզային ՔՀԿ-ների ու կառավարության, ինչպես նաև այլ պետական մարմինների միջև՝ մեծացնելով հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում ՔՀԿ-ների դերն ու մասնակցությունը ներառական կրթության և սոցիալական աջակցության ոլորտներում, խնդիրների վերհանման և առաջարկությունների միջոցով կբարելավվի ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների և համայնքահեն աջակցության կենտրոնների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակը և արդյունավետությունը թիրախ 4 մարզերում:

Նաիրա Առաքելյան
ԱԶԿ ՀԿ գործադիր տնօրեն
Քաղաքացիների իրազեկվածության բարձրացման նպատակով ճամբարի առաջին մասում կազմակերպվեց բանախոսություններ, որը տեղի ունեցավ Արմավիրի առաջնորդարանի սրահում։
Փոձագետ Անահիտ Նահապետյանը ներկայացրեց մոնիթորինգի զեկույցները սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և ներառական կրթության վերաբերյալ, զեկույցում առաջ քաշված խնդիրներն ու առաջարկությունները։ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի համակարգող Մելինե Այվազյանը խոսեց կոալիցիայի գործունեության և շահերի պաշտպանության ռազմավարությամբ առաջ քաշված նպատակների մասին, իսկ Մարգարիտ Սեդրակյանը ներկայացրեց «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի կողմից մատուցվող սոցիալական ծառայությունները, ինչպես նաև հաջողության պատմությունները։

Ճամբարի երկրորդ մասը մշակութային էր, որի հիմնական նպատակը արվեստի միջոցով ներառականության գաղափարի տարածումն էր՝ ներգրավելով քաղաքացիներին այս գործընթացներում։ Միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցան Արմավիրի Ν 8 հիմնական և Ν 4 ավագ դպրոցները, Գետաշեն, Արազափ, Տանձուտ, Արգավանդ համայնքների միջնակարգ դպրոցները, «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունը, Արմավիրի արվեստի պետական քոլեջը, Արմավիրում գործող «Մարտիրոսյան Արտ ստուդիան» և անհատ ստեղծագործողներ:
«Մեր ձեռքի աշխատանքները» խորագրով տաղավարներում ներկայացված էին հաշմանդամություն ունեցող երեխաների կողմից պատրաստված իրերը։
Արմավիրի արվեստի պետական քոլեջի ուսանողները ներկայացան երաժշտական կատարումներով, գեղարվեստական նկարների ցուցահանդեսով։
«Մարտիրոսյան արտ ստուդիայի» սաները տեղում նկարեցին «Ներառական դպրոց» թեմայով։
Հանրակրթական դպրոցների ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ երեխաները պատրաստել էին «Ներառական դպրոց» պատի թերթերը, որտեղ ներկայացրել էին իրենց պատկերացումները ներառականության և դրա ներդրման մասին դպրոցում։
Մասնակիցները հնարավորություն ստացան նաև լուսանկարվել հատուկ բացօթյա ֆոտոստուդիայում, որտեղ ներկայացված էին ներառականություն քարոզող թռուցիկներ։

Արմավիրի 4-րդ դպրոցի աշակերտները ճամբարի ժամանակ իրականացրին նաև ֆլեշմոբ՝ անցորդներին բաժանելով ներառականություն քարոզող թռուցիկներ:
Միջոցառման ժամանակ իրենց պատրաստակամությամբ և կազմակերպչական հմտություններով փայլեցին Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության ակտիվ կամավորները, ովքեր ներգրավված էին Արմավիր ճամբարի կազմակերպչական և իրականացման բոլոր փուլերում։
«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website